Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների ասորիները հայ ժողովրդի կողքին են

Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների ասորիները հայ ժողովրդի կողքին են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ օրվանից թե Հայաստանի, թե աշխարհի տարբեր երկրների ասորիներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին: Ոչ միայն տարբեր նախաձեռնություններով օգնության ձեռք են մեկնում, այլև Հայաստանում բնակվող շատ ասորիներ զինվորագրվում են և մեկնում Արցախ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան, նշեց, որ արդեն մոտ 150 զինվորական Արցախում է, նրաց թվում թե ժամկետային զինծառայողներ են, թե պայմանագրային զինվորականներ, թե կամավորներ:

«Ցավոք, հինգ զոհ ունենք: Կան նաև վիրավորներ, անհետ կորածներ: Ամեն դեպքում այսօր էլ բավական մեծ թվով ասորիներ զինվորագրվել են գնալու համար»,-ասաց Անահիտ Խոսրոևան:

Ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների ասորիները միացած են այս պայքարին: Անահիտ Խոսրոևան նկատեց, որ տարբեր երկրներում հայ համայնքի բողոքի ակցիաներին նաև իրենց մասնակցությունն են ունենում տեղի ասորիները: Արդեն ամբողջ աշխարհից մոտ 100 հազար դոլարի չափով գումար է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Իրենց ֆինանսական աջակցությունն են հայտնել ոչ միայն անհատ քաղաքացիներ, այլև կազմակերպություններ, ինչպես նաև ասորական եկեղեցին:

«Բավական ակտիվ են Հայաստանում ապրող ասորիները՝ մեծից փոքր: Վերին Դվինում երեխաները կազմակերպել էին մրգերի վաճառք և հավաքված գումարը՝ մոտ 1 մլն դրամի չափով փոխանցվել էր հիմնադրամին: Ասեմ, որ հումանիտար օգնության 10-րդ բեռնատար մեքենան է գնացել Արցախ: Դրանից բացի, ասորիները օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապաստանած արցախցիներին: Այդ գործում իրենց ներդրումն են ունենում թե Հայաաստանի, թե այլ երկրների ասորիները: Վերջին օրինակներից նշեմ՝ Շվեդիայի ասորական համայնքը գումար է հավաքել և Հայաստանում 1500 արցախցի ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության սննդամթերք: Այս հարցում աշխատում ենք համայնքային կառույցների հետ»,-ասաց Անահիտ Խոսրոևան:

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի մասին, ըստ ցեղասպանագետի, պետք է շարունակ խոսել, պետք է բարձրաձայնել և ցույց տալ, որ դրանում առկա է ցեղասպանության ձեռագիրը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան, որը Օսմանյան կայսրության ժառանգորդն է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, 100 տարի առաջվա ցեղասպանության շարունակությունն է: Դրան գումարած Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ հայ ժողովրդի դեմ կռվում են իսլամական ծայրահեղականները: Տարիներ առաջ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների դեմ պայքարում զոհ դարձան նաև ասորիները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր ահաբեկիչների՝ Կովկասում հայտնվելը խոսում է այն մասին, որ սա պարզապես հայերի ու ադրբեջանցիների հակամարտություն չէ և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am