Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն
1 րոպեի ընթերցում
![Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1033042.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ մասնավորապես 327-րդ, 3271, 3275, 3276, 328-րդ, 356-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում:
Այս նախաձեռնության հետ կապված գրավոր առաջարկներ չեն ստացվել:
Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 69 կողմ ձայն:
Աննա Գրիգորյան