Հասարակական

ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիան

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն խորհրդարանի հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում: Այն ստորագրվել է 1989թ.-ից, այժմ ուժի մեջ է 36 պետությունների համար»,- ասաց Գրիգորյանը:

Քրիստինե Գրիգորյանը հավելեց, որ այս կոնվենցիայով պետությունները պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման հետապնդման և կանխարգելման համար: Փոխնախարարի խոսքով` կոնվենցիայի կետերով կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար:

«Կոնվենցիային միանալով, 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997թ. այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ` սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների, որպես վարձկանների օգտագործման առնչությամբ: Կոնվենցիան կարելի է օգտագործել նաև Թուրքիայի նկատմամբ, որը թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն հանդիսանում է հանցակից կողմ, որը մասնակցություն ունի վարձկաններին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու ու Ադրբեջան ուղարկելու հարցում»,- նշեց արդարադատության փոխնախարարը:

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում