Տնտեսություն

Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանկային համակարգում քաղաքացիերի, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են, սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Կա խնայողությունների որոշակի նվազում: Այսինքն` մարդիկ և կազմակերպությունները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազեցրել են իրենց խնայողությունները բանկային համակարգում»,-ասաց Գալստյանը:

Դա կազմում է ընդհանուր ավանդների մոտ 1 տոկոսը, աննշան է: ԿԲ նախագահը պարզաբանեց՝ ավանդները դուրս են եկել բանկային համակարգից ոչ թե նրա համար, որ կան խնդիրներ, այլ դա տեղի է ունեցել մի քանի պատճառներով: Պայմանավորված կորոնավիրուսով և ընդհանուր տնտեսական իրավիճակով՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամտի որոշակի նվազում, և մարդիկ դա կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին: «Առաջնագիծ գնացող մեր հայրենակիցների մոտ կա վարքագծային դրսևորում, որ գումարը հանում են ավանդից, կանխիկ տեսքով թողնում են տանը, որ ընտանիքի անդամներն ունենան որոշակի ֆինանսական միջոցներ՝ իրենց բացակայության ընթացքում»,-նշեց Գալստյանը:

Կա նաև մի ստվար զանգված, որ ավանդը փոխանցել է որևէ բարեգործական նպատակի, մասնավորապես Հայաստան համահայկական հիմնադրամին, 1000 դրամների հիմադրամին:

ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում