Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԲ-ն զինծառայողների հերոսությունների դրվագներ է ներկայացրել Արցախի առաջնագծից

ՊԲ-ն զինծառայողների հերոսությունների դրվագներ է ներկայացրել Արցախի 
առաջնագծից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակը զինծառայողների հերոսությունների դրվագներ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմի առաջնագծից:

«Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:

««Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը /ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ/ և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը /իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ/: Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Փառք մեր հերոսներին»,- նշում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]