Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաշինյանը հակամարտության գոտուց ահաբեկիչների չեզոքացումը տեսնում է հակաահաբեկչական օպերացիայի ձևով

Փաշինյանը հակամարտության գոտուց ահաբեկիչների չեզոքացումը տեսնում է 
հակաահաբեկչական օպերացիայի ձևով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկիչների չեզոքացման հնարավորությունը դիտարկում է հակաահաբեկչական օպերացիայի իրականացման ձևով: «Սա մի տարբերակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է վարչապետը:

Հարցին՝ միայն հայկակա՞ն կողմի ուժերով, Փաշինյանը բացասական պատասխան է տվել: «Ոչ: Լեռնային Ղարաբաղի ուժերը դա անում են այնքանով, որքանով դա հնարավոր է: Գործնականում, նրանք հիմա պատերազմում են երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ: Բայց ես կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը միայն ես չեմ, քանի որ մենք, իհարկե, այդ հակաահաբեկչական գործողություններն ապահովում ենք այնքանով, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք»,- ընդգծել է վարչապետը:

Հարցին, այդ երկրների թվում կարո՞ղ ենք նկատի ունենալ Ռուսաստանը և Իրանը, և արդյոք ինքը նրանց հետ նման խոսակցություն ունեցել է, վարչապետը նշել է. «Իհարկե, առաջին հերթին այստեղ շոշափվում են Ռուսաստանի շահերը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականություն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ կարո՞ղ ենք սա համարել երրորդ ուժերի հրավեր՝ միջամտելու այս հակամարտությանը, ՀՀ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել հստակեցնել, թե ինչ է նշանակում երրորդ ուժեր, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է: «Եվ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին: Սա մի հարց է, որը հետագա դիտարկման կարիք ունի: Այստեղ կան շատ նյուանսներ: Ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից և գործնականում շատ օտարերկրյա գործընկերներ արդեն պաշտոնապես ընդունել, ճանաչել են, հաստատել են դա: Եվ ես կարծում եմ և հույս ունեմ, որ հետագա արձագանքը նույնպես կլինի այդ ոգու մեջ»,- ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]