Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Այս պատերազմում եզդի ու հայ չկա, բոլորը մենք ենք. Ռուստամ Բաքոյան

Այս պատերազմում եզդի ու հայ չկա, բոլորը մենք ենք. Ռուստամ Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիական ջոկատը Արցախում առանց մի քայլ նահանջի կանգնած է առաջնագծում, մարտական ոգին բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Մարտական ոգին բարձր է, մեր տղաները դուխով, ուժեղ, առանց մի քայլ նահանջի կանգնած են սահմանին»,-ասաց Բաքոյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչը ստիպեց եզդիներին ինքնակազմակերպվել, ջոկատ կազմել ու գնալ Արցախ՝ Բաքոյանը պատասխանեց, որ ապրելու, գոյություն ունենալու համար պետք է պատրաստ լինել նաև կռվելու, պատերազմելու:

«Հենց սա էլ թույլ տվեց, որ ինքնակազմակերպվենք ու մեր ներկայությունն ունենանք մեր հայրենիքի սահմաններին: Այս պատերազմում եզդի ու հայ չկա, այս պատերազմում բոլորը մենք ենք»,-նշեց Բաքոյանը: Խոսելով ադրբեջանական կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին՝ նա շեշտեց. «Այդ խուժանները կռվելու ունակ չեն, նրանց շատ ավելի հեշտ ու արագ կարող ենք ոչնչացնել ու հիմա ոչնչացնում ենք»:

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում եզդիները ջոկատ էին ձևավորել՝ Արցախ մեկնելու: ԱԺ ամբիոնից Ռւստամ Բաքոյանը շեշտել էր, որ եզդիները պատրաստ են պաշտպանելու ընդհանուր սահմանը՝ ինչպես դա արեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Նա նշել էր, որ եզդիներն ու հայերը երկու ազգ են, բայց մի ժողովուրդ: Եզդիական համայնքը մշտապես կանգնած է եղել և հիմա էլ կանգնած է հայ ժողովրդի կողքին: Պատգամավորը նկատել էր, որ Ադրբեջանն իր ազգային փոքրամասնություններին ստիպելով մղում է առաջնագիծ, իսկ եզդիները Հայաստանում ինքնակամ ցանկանում են պաշտպանել ընդհանուր սուրբ հողը, հայրենիքը, որի ամեն սանտիմետրը եզիների համար սուրբ է ու թանկ: Բաքոյանը ԱԺ ամբիոնից Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկան ահաբեկիչներին հիշեցրել էր նաև, որ եզդիները պարտք ունեն և այդ պարտքը մարտի դաշտում նրանց տալու են՝ 2014-ին Սինջարում եզդիների ցեղասպանության համար:

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ