Հասարակական

Հայերն ու օտարազգիները Չեխիայում բողոքի ակցիայով զորակցություն են հայտնել Արցախին և Հայաստանին

3 րոպեի ընթերցում

Հայերն ու օտարազգիները Չեխիայում բողոքի ակցիայով զորակցություն են հայտնել Արցախին և Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները կրել են բժշկական դիմակներ, որոնց վրա գրված են եղել տարբեր պետությունների անուններ: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»:

Ցուցարարներից մեկը նշել է, որ կամուրջի երկարությունը 547 մետր է, և բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են կամուրջի ամբողջ երկայնքով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում