Սիրիացի վարձկանները պատմել են՝ Ադրբեջանն իրենց որպես կենդանի վահան է օգտագործել
2 րոպեի ընթերցում
![Սիրիացի վարձկանները պատմել են՝ Ադրբեջանն իրենց որպես կենդանի վահան է օգտագործել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031777.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է պատառիկներ հրապարակել սիրիացի վարձկանների հետ զրույցներից: Դրանցից պարզ է դառնում, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գնում են պահպանելու թուրքական բազաներ, այնինչ՝ ուղարկել են Արցախի դեմ պատերազմի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի վարձկանների խոսքերը, որոնք նոր են վերադարձել Ադրբեջանից՝ ներգրավված լինելով Արցախի դեմ մարտերում:
«Սիրիացիները շատ են սպանվում, ամեն օր, գրեթե 5-10 հոգի, հմուտ դիպուկահարը միանգամից սպանել է 28 հոգու: Ադրբեջանի բանակն այնտեղ էր, բայց չէին կռվում, սիրիացիներից 200 մետր հետ էին կանգնում ու մեզ որպես կենդանի վահան օգտագործում: «Համզա»-ի շատ անդամներ վերադարձել են, հնարավոր է կեսը: Նրանք ուղարկել են 1000-ին, երևի 300-ը վերադարձած կլինի, շատերը մահացել են: Մենք քաղաքացիական ինքնաթիռով Բաքվից գնացել ենք Անկարա, իսկ Անկարայից Գազիենթափ՝ ռազմական ինքնաթիռով»,-մեջբերել է Սնելը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որԴամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: