Սփյուռք

Ամերիկահայերը Կոնգրեսից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Ամերիկահայերը Կոնգրեսից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայեր և օտարազգիներ, որոնք սատարում են հայ ժողովրդին, հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի դիմաց, և դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, դադարել որևէ ռազմական կամ այլ օգնություն տրամադրել վերոնշյալ երկրներին և ճանաչել Արցախը:

Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, իսկ պաստառների վրա գրել են. «Մենք արդարություն ենք պահանջում», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Ճանաչել Արցախը», «Վե՛րջ տվեք պատերազմին», «Հաղթելու ենք»:

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ Թուրքիային, ամո՛թ Ադրբեջանին», «Էրդողանն ու Ալիևն ահաբեկիչներ են», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»:

Ավելի վաղ ամերիկահայերը բողոքի ակցիա էին իրականացրելԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի տան դիմաց, հետո՝ Սպտակ տան դիմաց: Նրանք պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին ու Թուրքիային:

Նման պահանջներով հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ սեպտեմբերի 27-ից ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում