Հայաստանում գրանցվել է COVID-19-ի ամենամեծ թիվը՝ 1371 դեպք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59 995 դեպք, որոնցից 47 119-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 519 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3957 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 336 111 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1371 նոր դեպք և 406 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1046 (ավելացել է ևս 7-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 62, 63, 67, 75 տարեկան կանայք և 68, 70, 79 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է նաև մահվան 311 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան