Քաղաքականություն

Ավստրիայի և Սլովակիայի հայ համայնքներն անցկացրել են Արցախի դեմ ագրեսիան դատապարտող ցույցեր

2 րոպեի ընթերցում

Ավստրիայի և Սլովակիայի հայ համայնքներն անցկացրել են Արցախի դեմ ագրեսիան դատապարտող ցույցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում և Բրատիսլավայում հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վիեննայի կենտրոնում Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական վարչության և Ավստրիայում գործող հայկական միությունների կողմից կազմակերպված ցույցին մասնակցել են շուրջ 1000 հայեր՝ ներառյալ Ավստրիայի դաշնային երկրամասերից։

Վիեննայում ցույցը մեկնարկել է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց, այնուհետև ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Ավստրիայի դաշնային նախագահի նստավայր։ Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և հանդես եկել կոչերով՝ Ավստրիայի պետական իշխանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիների, զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության վրա և կոչ անելով Արցախի հանրապետությունն անհապաղ ճանաչել։ Պաստառներ էին բարձրացվել «Ոչ պատերազմին», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Մենք կառուցում են, դուք ոչնչացնում եք», «Կանգնեցրեք բռնապետերին» և այլ կոչերով։

Բրատիսլավայում՝ Սլովակիայի կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցույցին մասնակցել են Սլովակիայում բնակվող շուրջ 70 հայեր։ Ցուցարարների շարքերում էին նաև սլովակներ և հույներ։ Ցուցարաները պաստառներ էին բարձրացրել «Կանգնեցրեք թուրքական ագրեսիան», «Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են և երկու հանցագործ», «Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը» և այլ կոչերով։ Ցույցին մանրամասնորենանդրադարձել է Սլովակիայի հանրային RTVS հեռուստատեսությունը՝ գլխավոր լուրերի ուղիղ թողարկման ժամանակ ներկայացնելով ԼՂ հակամարտության պատմությունը և ներկա իրավիճակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում