Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

Ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն 
Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` Իսրայելի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ (2016թ.-խմբ.) Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ օգտագործում են ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական նպատակներով, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում դրանք: Այդ պատճառով, Իսրայելի իշխանությունը, եթե ասեր, որ տեղյակ չեն, դա հերթական ծաղրանքը կլիներ մարդկության նկատմամբ: Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր մատակարարել, և այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը, մի ժողովրդի, որն ապրել է ցեղասպանություն»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելեց, որ աշխարհում փողն է տիրում, և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային արժեքները, այլև Աստծո կողմից պարտադրված արժեքները:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլև բոլոր իշխանությունները, որոնք զենք են մատակարարում Ադրբեջանին և շարունակում են մատակարարել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]