Հասարակական

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների ազատմանը 

4 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների ազատմանը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿՊՄԿ-ի արտաքին կապերի բաժնից։

««ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս ենք, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար»,- նշել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։ - «Մենք նաև պատրաստ ենք աջակցելու հակամարտության կողմերի հսկողության ներքո ներկայումս գտնվող ազատազրկվածների ազատմանը, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ»։

Սեպտեմբերի վերջին հակամարտության սրացմանը զուգընթաց՝ ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։

Զինված ընդհարումը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն դուրս բերելու և տարհանելու մահացածներին՝ առանց որևէ կողմում կռված լինելու հիմքով խտրականության։ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցելու աճյունների վերադարձին։

«Մենք կանոնավոր քննարկումներ ենք ունենում կողմերի հետ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ քննարկելու ազատազրկվածների և աճյունների վերադարձին աջակցելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի ներգրավման բնույթը, այդ թվում՝ աշխատանքների կազմակերպման և մեր թիմերի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը»,- հավելել է Շյուպը։ - «Մենք ևս հույս ունենք, որ շաբաթներ տևած լարված մարտերից հետո այս համաձայնությունը կվերածվի ընտանիքների համար նշանակալից մխիթարության»։

Ավելի վաղ՝ 2016 թ․-ին շփման գծի երկայնքով ծավալված ու բազմաթիվ մարդկային կյանքեր խլած հակամարտության սրացման ժամանակ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին նմանատիպ գործողություններ իրականացնելու հարցում։ Շնորհիվ համակարգված ջանքերի՝ այդ ժամանակ հնարավոր եղավ արտահանձնել բոլոր մահացածներին իրենց ընտանիքներին և խուսափել 1992 թ․-ի հակամարտության հետևանքով 4500-ից ավել անհայտ կորած անձանց ցուցակը նոր անուններով համալրելուց։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից՝ 1992 թ․-ից ի վեր, կազմակերպությունը բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումբովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում