1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը Հայոց ցեղասպանությունը շարունակելու համար հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել.ԵԽ անդամ

Էրդողանը Հայոց ցեղասպանությունը շարունակելու համար հազարավոր իսլամիստ 
վարձկաններ է ուղարկել.ԵԽ անդամ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե եվրոպական պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ,ապա նա վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել Եվրոպական խորհրդարանի՝ ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը Եվրախորհրդարանում:

«Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»,-հայտարարել է պատգամավորը:

Նա նշել է, որ 3000-4000 սիրիացի ջիհադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել են Արցախի դեմ պատերազմելու. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետության կազմակերպած պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրել է Օսմանյան Կայսրությունը 80 տարի առաջ:
1.2-ից մինչև 1.5 միլիոն զոհ, ցեղասպանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից, Էրդողանի կողմից որակվել է որպես մեծագույն վիրավորանք»,-ասել է Նիկոլա Բայը:

Նա շեշտել է, որ պատմությունը վիրավորանք չէ, պատմություն, որն Էրդողանն, այնուամենայնիվ, կցանկանար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում: Նիկոլա Բայը նկատել է, որ դա մի նախաձեռնություն է, որն Էրդողանը ստանձնում է՝ այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում:

«Ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում, դժվարությամբ թաքցվող մերձավորությունը Իսլամական պետություն կազմակերպության հետ, դեպի Հունաստան իսկական միգրացիոն ներխուժման կազմակերպումը, եկեղեցիների կործանումն Անատոլիայում, հարձակումը կիպրական ռեսուրսների վրա Միջերկրածովյան տարածաշրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումը մզկիթի, և հիմա՝ ներխուժումը հայկական տարածք՝ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի ուղղությամբ: Էրդողանի բոլոր գործողությունները վկայում են այդ նեոօսմանական նկրտումների մասին: Իսկ այս ընթացքում Խորհուրդը նվազասույթ կիրառելու վառ արտահայտված հակում է ցուցաբերում. հոկտեմբերի 2-ի իր եզրակացություններում Խորհուրդը հայտարարում է, որ «խստորեն դատապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները, որոնք պետք է դադարեն»: Բայց այս ամենը շարունակվում է արդեն 50 տարի: 50 տարի է, ինչ Թուրքիան օկուպացնում է անդամ պետության տարածքի կեսը, իսկ դուք համառորեն ցանկանում եք, մեջբերում եմ, «բարեխիղճ երկխոսություն»,-ասել է ԵԽ անդամը:

Նա հավելել է, որ պատասխան միջոցներն արդեն պետք է ձեռնարկված լինեին անդամակցության գործընթացի արժեքի, Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման, Հունաստանի և Բուլղարիայի սահմանների անվտանգության անհրաժեշտ ապահովման, մաքսային միության (որը թույլ է տալիս Թուրքիային իրականացնելու իր արտաքին առևտրի 40 տոկոսը Եվրոպական միության հետ) գործունեության դադարեցման ուղղությամբ: «Բայց ոչինչ: Ոչինչ: Եվրոպան վախենում է Թուրքիայից, և պատասխանը ողբերգական է. Խորհուրդը հերթական անգամ տեղի է տվել այս մշտական շանտաժին: Այն մեզ հիշեցնում է Բալզակին, ով ասում էր, որ «համակերպումը ամենօրյա ինքնասպանություն է»,-եզրափակել է Բայը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]