Տնտեսություն

Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել պետական կարիքների համար իրականացվող դրամահավաքներին

2 րոպեի ընթերցում

Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել պետական կարիքների համար իրականացվող դրամահավաքներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Ներկայում ծախսման հնարավոր 4 ուղղություններ են սահմանված օրենքով, դրանցից դուրս այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել: «Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ ցանկանում են մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օրենքում կատարվում են լրացումներ, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կընձեռվի սոցփաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը»,-ասաց փոխնախարարը:

Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել: Այս պահին ասվածը վերաբերվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Հայաստանի համահայկական հիմնադրամին:

Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 99 կողմ ձայն:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում