Հասարակական

Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունի հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ, փաստացի, Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են զեկուցում, զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել:

Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով առավոտյան Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացմանը, նշեց, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացրել, նաև այն պատճառով, որ չեզոքացվել էր ռազմական օդանավակայանից Թուրքիայի օդուժի օգնությունը:

«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածներից հետո տեսանք, որ Ադրբեջանական կողմը թքած ունի իր ժողովրդի վրա, քանի որ ոչ մի քայլ չէր ձեռնարկել բավական մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 4-ին Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական օդանավակայանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում