Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Լրագրողները ռազմական թիրախ չեն. «Լրագրողներ առանց սահմանների»-ն Բաքվից պարզաբանում է պահանջում

Լրագրողները ռազմական թիրախ չեն. «Լրագրողներ առանց սահմանների»-ն Բաքվից 
պարզաբանում է պահանջում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հետաքննել, պարզաբանել ռմբակոծության աղբյուրը, որի հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում մարտերը լուսաբանող 4 լրագրող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը տարածած հայտարարությունում մասնավորապես նշել է, որ չորս լրագրողներն այն թղթակիցների խմբում էին, որոնք հրետակոծվել էին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունի քաղաքում՝ բախումների հինգերորդ օրը:

Կազմակերպությունը նկատել է, որ բոլոր լրագրողները և նրանց փոխադրամիջոցները կրել են PRESS տարբերանշանը, նրանք Արցախում էին բնակիչներից հարցազրույց վերցնելու և նախորդ ռմբակոծությունների վնասը տեսնելու համար:

«Այս ռմբակոծությունն անհիմն էր, քանի որ քաղաքացիական անձինք, մասնավորապես, լրագրողները, ռազմական թիրախ չեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն անցկացնել ՝ հրետակոծության ծագումը պարզելու համար և ամեն ինչ անել, որպեսզի տուժած լրագրողները լիովին անվտանգ տարհանվեն», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Քավելիերը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը:  Ռուսական  «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկը հազիվ է փրկվել հրետակոծությունից: Թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: Ֆրանսիայի նախագահը հայտնել էր, որ ինքնաթիռ կժամանի` տեղափոխելու Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին: «Le Monde» պարբերականի 2 թղթակիցը հոկտեմբերի 2-ին տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։: Նրանք արդեն տեղափոխվում են Ֆրանսիա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]