Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային հորդորում է ականջալուր լինել ԼՂ հակամարտությունը սրելուց զերծ մնալու կոչերին

ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային հորդորում է ականջալուր լինել ԼՂ հակամարտությունը սրելուց 
զերծ մնալու կոչերին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Թուրքիային հորդորում է ականջալուր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրելուց զերծ մնալու միջազգային հանրության կոչերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին` զերծ մնալ հակամարտությունը սրելու ցանկացած գործողություններից: Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին: Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության միասնական, հստակ, վճռական դիրքորոշումը, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելեց, որ կրակի դադարեցման առումով Արտաքին գործերի նախարարությունն իր ամբողջ ներուժով այս ընթացքում կապի մեջ է եղել իր բոլոր գործընկերների հետ:

«Այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ներկայումս տեղի է ունենում նախարարի և Հունաստանի ԱԳ նախարարի տեսակոնֆերանսը»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Վերջին օրերին բազմաթիվ են հայտարարություններն ու հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նորայր Շողիկյան

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ