Հայաստանը ԼՂ հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ-ին. Զայնետդինով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը համարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված մեխանիզմ», - ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: