Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու. Արցախի նախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է առաջին կամավորականներին. Արցախի նախագահը հավաստիացնում է՝ զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արցախի նախագահը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»,- գրել է Հարությունյանը: