Հասարակական

Մեծարելով ՀՀ քաղաքացուն. Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը

2 րոպեի ընթերցում

Մեծարելով ՀՀ քաղաքացուն. Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարթնոցի տաճարում Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդտարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվելու է երաժշտական ծրագրով:

Նախորդ տարի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն անցկացվել էր Գյումրու Սև Բերդ ամրոցում: Գլխավոր մրցանակը ստացել էր թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում