Հասարակական

ԼՀԿ-ական պատգամավորը կառաջարկի միավորել երեք կինոկառույցները

2 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ական պատգամավորը կառաջարկի միավորել երեք կինոկառույցները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը առաջարկելու է միավորել երեք կինոկառույցները՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայֆիլմ» կինոստուդիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանն այս մասին հայտնեց խորհրդարանում Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Այս օրենքի հնարավոր ընդունումից հետո առաջարկ եմ անելու, որ այս պահին Հայաստանում գոյություն ունեցող երեք կինոկառույցները՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայֆիլմ» կինոստուդիան Կառավարության որոշմամբ միավորվեն, լինի այն ազգային մարմինը, որի մասին խոսում ենք տվյալ օրենսդրական կարգավորման մեջ: Եվ այդ երեք կառույցների պետական ֆինանսական միջոցների համատեղումից հնարավորություն ունենանք ֆիլմարտադրությունը զարգացնելու»,-ասաց Կոստանյանը:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե Կինեմատոգրաֆիայի մասին ներկայացված օրենքը կարո՞ղ է արդյոք օգնել ներգրավել մեծ ներդրումներ այդ ոլորտում:

Կոստանյանը պատասխանեց՝ այս օրենքով փորձում են համակարգել, օրենքների այնպիսի կարգավորման հասնել, որ նաև օտարերկրյա կազմակերպությունները, որ Հայաստան պետք է գան ֆիլմարտադրության նպատակով, կարողանան հստակ մեկ աղբյուրից իմանալ, թե պետությունն ինչ երաշխիքներ է սահմանում իրենց համար:

Խորհրդարանը քննարկում է Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում