Հասարակական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի ու Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 կողմ, 15 դեմ ձայներ:

Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Նախագծով ավելացվում է նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապատասխան օրենսդրությամբ: Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: Նախագծով սահմանվում է, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել: Սակայն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում այդ դրույթում կարվեն փոփոխություններ ՝ սահմանելով, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի:

Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:

Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում