Թեստավորվել են մոտ 6 000 ուսուցիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դպրոցների վերաբացմանն ընդառաջ 30 հազար ուսուցչից մոտ 6 000-ը թեստավորվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սեպտեմեբերի 10-ի դրությամբ թեստավորվել են մոտ 6 000 ուսուցիչ: Վարակվածների թիվը չի գերազանցել 1 տոկոսը: Կարծում եմ, սա շատ լավ արդյունք է: Սա խոսում է երկու բանի մասին. մեր ուսուցիչները շատ գիտակից են, պահպանում են կանոնները, հետևում են իրենց, ինչպես նաև հանրության առողջությանը: Երկրորդն այն է, որ սոցիալական նման պատասխանատվության արդյունքում մենք ստիպված լրացուցիչ դժվարություններ չենք ունենում»,- նշեց Հարությունյանը:
Նա հույս հայտնեց, որ այս իրավիճակը շարունակական կլինի:
Առաջին փուլի անցնելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ժամանակ առ ժամանակ պատահական ստուգումներ իրականացնել՝ շղթան կոտրելու համար:
Սեպտեմեբերի 15-ից բոլոր դպրոցները վերաբացվել են: Աշակերտներն ու դպրոցի անձնակազմը ուսումնական հաստատությունների ներսում պարտադիր պետք է դիմակ դնեն: Ամենօրյա ռեժիմով իրականացվում է ջերմաչափում:
Լիլիթ Դեմուրյան