Նախարարությունում կքննարկեն ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում պատրաստ են քննարկել ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք անպայման կքննարկենք դա: Ուսանողների դիմումը հանձնվել է աշխատակազմ: Ես երեկ աշխատակազմի հետ խոսել եմ և խնդրել, որ դիմումը փոխանցվի, որպեսզի մենք տեսնենք, թե այնտեղ ինչ առաջարկներ, ինչ նորություններ կան: Մենք նաև ուսանողների հետ առանձին քննարկում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց նա:
Սեպտեմբերի 15-ին ուսանողները երթ էին կազմակերպել և խնդրանք-պահանջով դիմել կառավարություն, որպեսզի մասնակի փոխհատուցվի ուսման վարձը:
Լիլիթ Դեմուրյան