Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կինը

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ 
Սարդարյանի կինը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի» օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջինս ցանկացավ տեղեկանալ, թե ինչ նորություն կա իր ամուսնուց, քանի որ որևէ տեղեկություն չունի:

«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, գիտեք՝ դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կմնա և կխոսի Նարեկ Սարդարյանի  կնոջ հետ:

ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2020 թ. հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:

Պարզվել է, որ Նարեկ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիր չի ունեցել:

Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։

Ըստ Զեյնալյանի՝ Եվրոպական դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները. տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին, նշանակվե՞լ է արդյոք փաստաբան, արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։ ՄԻԵԴ-ը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:

Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար

 

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ