Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց ՍԲ Սարգիս եկեղեցում

Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ 
կատարվեց ՍԲ Սարգիս եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի անմեղ զոհերի: 

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Լիբանանից ժամանած հյուրերին փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրական օրհնությունը: «Մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված` Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով հազարավոր զոհերի, ինչպես նաև հայորդիների հոգիների խաղաղության և փրկության համար: Հայցում ենք Տիրոջ զորակցությունը` հաղթահարելու վշտի ցավը և ծանր ավերածությունների հետևանքները: Թող Տերը սփոփի սգացյալների սրտերը և արագ ապաքինում պարգևի հազարավոր վիրավորվածներին: Փոխանցում եմ ձեզ ազգիս Վեհափառ հայրապետ Գարեգին երկրորդի հայրական օրհնությունն ու զորակցությունը: Մենք հավատում ենք, որ բոլորիս աջակցությամբ Լիբանանի մեր քույրերն ու եղբայրները դուրս կգան պատուհասած փորձությունից: Թող տերն իր օրհնությամբ պահպանի Լիբանանի ժողովրդին»,- ասաց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշեց, որ Լիբանանում կյանքը շարունակվում է և պետք է զոհերին միշտ հիշելով առաջ շարժվել:

«Մենք այսօր ոգեկոչեցինք զոհվածների և մանավանդ հայ զոհերի քառասնօրյա հոգեհանգիստը: Կյանքը շարունակվում է, մենք միշտ կհիշենք զոհերին, սակայն Լիբանանը և լիբանանահայությունը պետք է վերականգնվի` շնորհիվ բարեկամ պետությունների, սփյուռքահայ մեր եղբայրենրի բարոյական և նյութական սատարման: Դա խթան կլինի, որպեսզի պահենք մեր այտնեղի համայնքը և կարողանանք առաջ գնալ»,- ասաց Հակոբյանը:

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվն այս պահին հստակ չէ, նրանց մի մասը դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, մի մասն արդեն դուրս է գրվել, իսկ ավելի ծանր վիրավորների շրջանում ժամանակ առ ժամանակ մահվան դեպքեր են արձանագրվում:

«Վիրավորների թիվը շատ անհստակ է, պայթյունի վիրավորների ընդհանուր թիվը շուրջ 5 հազար է: Մեծամասնությունն ապաքինված է, պատահում է, որ ծանր վիրավորներն իրենց հոգին են ավանդում, սակայն բուժման ընթացքը շարունակվում է: Կա գույքային մեծ վնաս, մարդիկ կան, որ անտուն են այսօր: Հուսամ, որ նրանց տներն էլ կվերականգնվեն»,- նշեց Սևակ Հակոբյանը:

Քառասնօրյա հոգեհանգստի կարգի նախաձեռնող Ռամկավար ազատական կուսակցության վարչության ատենապետ Հրաչյա Կարապետյանը նշեց, որ 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունից հետո հազարավոր հայեր տեղափոխվեցին Լիբանան և մեծ ավանդ ունեցան պետության զարգացման և հզորացման գործում:

«Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ խոշոր պայթյուն, որի հետևանքով այլազգիների կողքին տուժեցին նաև մեր հայ ընկերները: Այսօրվա մեր արարողւթյունը նվիրված է զոհերի հիշատակին, թող Աստված նրանց հոգին լույս դարձնի: Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում նաև վիրավորներին: Ամբողջ հայ ժողովուրդը, Հայաստանի իշխանություններն այս օրերին զորավիգ կանգնեցին Լիբանանին և լիբանանահայությանը»,- ասաց Կարապետյանը:

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի անմեղ զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգին մասնակցելու համար Մայր Աթոռից ժամանել էր Մուշեղ Սրբազանը, արարողությանը մասնակցում էր նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր դասը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 հայ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]