Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում

Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից: Եվ կառավարության հետ քննարկումների արդյունքում նախագծի հեղինակները որոշել են ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, արդյունքում արդեն իսկ առկա մի շարք արտոնություններ կշարունակեն գործել: Օրինակ՝ փոխհատուցում կտրամադրվի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով, բնական գազի սպառման գնի 50 տոկոսի չափով և այլն:

Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով:

Օրենքի նախագծով ամրագրվում են նաև նոր արտոնություններ: Օրինակ սահմանվում է, որ  սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Սա նոր բան է: Գյուղացիները հաճախ նշում էին, որ կենդանիներին արոտավայր տանելիս լինում են կրակոցներ, կենդանիները էապես տուժում էին կամ սատկում: Այս դեպքում ասում ենք, որ բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը կտրվի»,-ասաց նա:

Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ տարածքում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից, կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: «Եթե Աստված մի արասցե, ունենանք զոհ, ապա զոհվածի ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար, պետությունը կհոգա նաև թաղման ծախսերը»,-ասաց Գաբրիելյանը:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ներառվեց լիագումար նիստերի օրակարգ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]