Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

Արցախի ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել Դանա Մազալովայի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ 2020թ. սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանը «Թվիթերի» իր էջում գրել է․

«Ցավում եմ չեխ փաստաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա Արցախի ազատագրական պայքարի ժամանակ տեղում էր, օբյեկտիվորեն լուսաբանում էր շատ իրադարձություններ, այդ թվում՝ Խոջալուի գործողությունները և սեփական ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնությունները, հետագայում նաև նրանց կեղծիքները»։

Դանան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին չեխական Օպատով քաղաքում, ուր եւ ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան։ Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանում։ Այնուհետեւ անցել էր ակտիվ լրագրողական գործունեության, աշխատել էր «Մլադա Ֆրոնտա», «Ռեֆլեքս» պարբերականներում, ապա՝ 1990­ականների սկզբին՝ իբրեւ Չեխական հեռուստատեսության սեփական թղթակից Մոսկվայում, որտեղից էլ մեկնել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ լուսաբանելով նորանկախ Հայաստանի առօրյան ու Արցախի հիմնախնդիրը։

Դեռեւս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին նա ոչ միայն մի խումբ չեխ եւ հայ ակտիվիստների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլեւ «Արմենիա» ակումբի հետ համատեղ կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում։

Դանան ակտիվ դեր խաղաց չեխական մամուլում ու հեռուստատեսությամբ Արցախի խնդրի լուսաբանման հարցում։ Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։

Անցած տարիներին Դանան շարունակեց պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարը՝ լինի դա չեխական խորհրդարանում, թե Բրյուսելում ՝ Եվրախորհրդարանում։ Հանդես եկավ բազմաթիվ հարցազրույցներով թե՛ չեխական մամուլում, թե´ Հայաստանի ու սփյուռքի լրատվամիջոցներում։

Դանա Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաեւ Հայ Դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքում՝ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին բարձր է գնահատել Դանա Մազալովայի Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցությունը եւ պարգեւատրել է նրան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով։ Չեխական լրատվամիջոցների կողմից Դանան արժանացել է «Լավագույն լրագրող» մրցանակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]