Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Առաջին բժիշկ Ազգային հերոսը․ Հագոպ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Առաջին բժիշկ Ազգային հերոսը․ Հագոպ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի 
շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասին. Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագուպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանին պարգևատրել Հայրենիք շքանշանով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Հագոպ (Հրայր) Հովագուիմիանն առաջին բժիշկ Ազգային հերոսն է և 19-րդ անձը, որ արժանացել է այդ բարձրագույն կոչմանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ