Արցախ

Արցախի նախագահը Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու միջնորդագիր է ստացել

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու միջնորդագիր է ստացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի բարձրագույն կոչում շնորհելու միջնորդագիր է ստացել Պաշտպանության նախարարությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի: Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,- գրել է նախագահը:

Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990թ.: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում