Արցախ

Արցախն առաջիկա հինգ տարիներին ծրագրում է ընդլայնել և զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Արցախն առաջիկա հինգ տարիներին ծրագրում է ընդլայնել և զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունն իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում: Ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում Հանրապետության նախագահի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխության միջոցով կավելացվի հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերեն լեզվով հաղորդումների սահմանված եթերաժամանակը»,- նշել է Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը հավելել է, որ մեկ այլ նախաձեռնությամբ կառաջարկվի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը, իսկ, հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը, և գործընթացը խթանելու նպատակով՝ Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն՝ առաջիկայում Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում