Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լատվիական լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի TOP-7 տեսարժան վայրերը

Լատվիական լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի TOP-7 տեսարժան վայրերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիական Neatkarīgā լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի լավագույն 7 տեսարժան վայրերը, որոնք կհետաքրքեն զբոսաշրջիկներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցը ցանկը կազմել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի միջոցով:

Առաջին տեղում Էջմիածնի Մայր տաճարն է: Լրատվամիջոցը նշում է, որ այն աշխարհում պահպանված ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է, որը կառուցվել է 301 թվականին, և հավելում, որ Էջմիածնում կան նաև այլ հայտնի եկեղեցիներ, թանգարաններ և վայրեր, որոնք կապված են քրիստոնեության պատմության հետ:

Երկրորդ տեսարժան վայրը Սևանա լիճն է: Neatkarīgā-ն հայտնում է, որ այն Հայաստանի ամենամեծ լիճն է և աշխարհի ամենախոշոր բարձրլեռնային լճերից մեկը՝ տեղակայված ծովի մակարդակից գրեթե 2000մ բարձրության վրա: Սևանա լիճ արժե այցելել ոչ միայն ամռանը, երբ կարելի է թարմանալ ամառային շոգ օրվանից հետո, այլ տարվա ցանկացած եղանակի և, նույնիսկ, համտեսել հայկական իշխան:

Խոր Վիրապի վանքը լրատվամիջոցի դասակարգման աղյուսակում 3-րդն է: Լրատվամիջոցը նշում է, որ այն Հայաստանի ուխտատեղիներից մեկն է, իսկ բիբլիական Արարատն ամենից լավ տեսանելի է հենց Խոր Վիրապից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված է եղել այնտեղ 13 տարի:

Ցանկում 5-րդը Տաթևի վանական համալիրն է: Այնտեղ կարելի է հասնել, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ 5,7 կմ:

Լատվիական լրատվամիջոցը խորհուրդ է տալիս այցելել նաև Գեղարդի վանական համալիր (10-13-րդ դար), որի ակունքները հասնում են 4-րդ դար, երբ քարանձավի աղբյուրի մոտ հիմնվել է սրբավայրը:

Գեղարդի վանական համալիրից հետո լրատվամիջոցը խորհուրդ է տալիս այցելել Գառնու հեթանոսական տաճար, որը կառուցվել է 2 հազար տարի առաջ: Neatkarīgā-ն նշում է, որ 4-րդ դարում, երբ Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը, հեթանոսական բոլոր տաճարներն ավերվել են, բայց Գառնու տաճարը պահպանել է իր գոյությունը մինչև 17-րդ դարը, երբ փլուզվել է ուժեղ երկրաշարժի ժամանակ: Ավելի ուշ տաճարը վերանորոգվել է և այսօր այն Հայաստանում միակ պահպանված տաճարն է՝ կառուցված հունական և հռոմեական անտիկ ոճով:

Լրատվամիջոցն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել, իհարկե, նաև մայրաքաղաք Երևան, նշելով, որ Հայաստանի մայրաքաղաքում են գտնվում երկրի կարևորագույն թանգարանները, ճարտարապետական և պատմական հուշարձանները, ինչպես նաև ժամանցի վայրերը: Լատվիական Neatkarīgā-ն նշում է, որ այստեղ հրաշալի է նաև գիշերային կյանքը՝ հագեցած համաշխարհային մակարդակի ջազ-ակումբներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am