Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մեծ հնարավորություններ հարաբերությունների զարգացման համար․ զրուցել են ՀՀ և Սինգապուրի նախագահները

Մեծ հնարավորություններ հարաբերությունների զարգացման համար․ զրուցել են ՀՀ և 
Սինգապուրի նախագահները

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Սինգապուրի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու համար: Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ այն մեծ հնարավորություններ կստեղծի երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է նախագահական ATOM (Advance TOMorrow) նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելն է: Նրա խոսքով՝ մի շարք պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող տեխնոլոգիական ձեռնարկություններ արդեն իսկ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, և նրանցից մի քանիսի հետ շուտով կկնքվեն նախնական պայմանագրեր:

Անդրադառնալով փոքր և հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ և արժանացել հավանության: Նախաձեռնության նպատակը փոքր պետություններին միավորելն է. համագործակցության և երկխոսության այս շրջանակում փոքր երկրները կկարողանան փորձ ու գաղափարներ փոխանակել, մշակել ապագայի վերաբերյալ տեսլական և օգնել միմյանց։ Սինգապուրի նախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս ակումբի ստեղծման գաղափարի նկատմամբ:

Նախագահ Հալիմա Յակոբը Հայաստանի նախագահին հրավիրել է հարմար ժամանակ այցելել Սինգապուր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am