Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից. հանրապետությունում զարկ է տրվում փոքր ավիացիայի զարգացմանը

Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից. հանրապետությունում զարկ է տրվում փոքր 
ավիացիայի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եղվարդ քաղաքից մի փոքր հեռավորության վրա կառուցված աերոդրոմից, շատ մոտ ապագայում, զբոսաշրջիկները կկարողանան Հայաստանը տեսնել նաև թռչնի թռիչքի բարձրությունից և ծանոթանալ գեղատեսիլ վայրերին լրիվ այլ տեսանկյունից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ, «SkyClub» ընկերության հիմնադիր Արմեն Սարգսյանը պատմեց, թե ինչպես առաջացավ ինքնաթիռ բերելու միտքը, ինչը դրդեց զարգացնել Հայաստանի փոքր ավիացիան և իր մեծ երազանքի մասին։

Մանկության հետաքրքրություններից մինչև դրանց իրականացում

«Դեռ շատ վաղ հասակից ինձ հետաքրքրել է ավիացիան, դպրոցում դասերից փախնում էի, գնում ու գրադարաններում այս ոլորտի վերաբերյալ գրքեր էի կարդում։ 14  տարեկանում հորս խնդրեցի, որպեսզի ինձ տանի խմբակ, որտեղ կկարողանամ զբաղվել ավիամոդելիզմով։ Հենց այդ ժամանակ սկսեցի փորք ինքնաթիռներ սարքել, որոնք թռնում էին, սակայն ինձ տանջում էր այն միտքը, որ ես չեմ կարողանում թռնել։ Մի օր ավիամոդելավորողների մրցույթ էր իրականացվում, որին մասնակցում էի, և այնտեղ տեսա պարապլանով թռնող մարդկանց, ինչն ինձ ավելի հետաքրքրեց ու դա հենց այն էր, ինչ ինձ պետք էր»,- ասաց Արմենը։ 

Հենց այդ օրվանից նա սկսել է զբաղվել պարապլանիզմով, ինչը մատչելի է և հիանալի հնարավորություն է հեշտությամբ թռիչքներ կատարելու ու օդաչու դառնալու։ Արդեն 21 տարի է, որ ինքնուրույն թռնում է պարապլանով։ 

Ինքնաթիռ ունենալու ցանկությունը  

Ավիացիայի ոլորտում ավելի զարգանալու ցանկությունն Արմենի մոտ ինքնաթիռով թռնելու և սեփական ինքնաթիռ ունենալու միտք առաջացրեց։ 

«Ինչ-որ մի պահ եկավ, երբ պարապլանն ինձ համար քիչ էր, և ես սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է այդ «քաղցը» հագեցնել։ Որոշեցի գնալ ԱՄՆ-ում սովորել, սակայն վիզայի հետ կապված խնդիրներ առաջացան, և ինձ մերժեցին։ Այդ ընթացքում Հայաստան էին եկել Ֆրանսիայից ժամանած իմ ընկերները, որոնք ինձ առաջարկեցին սովորելու մեկնել Անսի քաղաք, ինչն իմ երազանքն է եղել, և ես ոգևորված այդ մտքից՝ համաձայնեցի։ Մեկնեցի այնտեղ, մնում էի այդ ընկերներիցս մեկի տանը, սակայն դասերին մասնակցել եմ 2 ամիս, քանի ոև պարապմունքներ քիչ էին անցկացվում եղանակային պայմաններից ելնելով։ Որոշեցի 2 ամիս անց վերադառնալ Հայաստան, քանի որ այնտեղ ամեն ինչ բավականին թանկ էր, սկսած դասընթացներից մինչև ուղղակի սնվելը»,- պատմեց Արմենը։

Հայաստանում արդեն նա սկսել էր մտածել, թե ինչ ինքնաթիռ գնի, որպեսզի սովորելու մյուս հատվածն արդեն հայրենիքում իրականացնի։ Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո, թե որ քաղաքում ինչ տեսակի փոքր ինքնաթիռներ կան և ինչ յուրահատկություններ ունեն, Արմենը կանգ էր առել «Սեսնա-172» տեսակի ինքնաթիռի վրա։ Մինչ «Սեսնա»-ն գնելը, նա նաև մեկնել էր մի քանի երկիր և փորձել տարբեր տեսակի ինքնաթռիներ։ 

«Վերջնական ընտրությունը կանգ է առել հենց այս ինքնաթիռի վրա, քանի որ աչքովս ընկավ, որ շատ հարմար է, խնդիրներ չուներ և, որ ամենակարևորն է՝ դրա վրա գրված է «Detka»։ Հենց այդտեղ հասկացա, որ սեփականատերը հաստատ շատ խնամքով է վերաբերվել»,- կատակեց «SkyClub» ընկերության հիմնադիրը։

Հայաստանում կարելի է զարգացնել փոքր ավիացիան

Հանրապետությունում կա ավելի քան 15 աերոդրոմ՝ Սիսիանում, Կապանում, Ջերմուկում, Ստեփանավանում, Արզնիում, Գյումրիում և մի շարք այլ քաղաքներում, որոնց մեծ մասը չի օգտագործվում։

«Կարծում եմ, որ այսքան օդանավակայան ունենալն ու դրանք չօգտագործելը մեծ մեղք է, սակայն այստեղ փոքր ինքնաթիռ ունենալու գործընթացներ ոչ ոք չի անցել, և փաստաթղթային բոլոր հարցերն ինձ համար սկզբում շատ բարդ էին։ Ինձ այս հարցերում շատ է օգնել  Թռիչքային գործունեության օդաչու-հրահանգիչ Անատոլի Դավթյանը, հետո մեզ միացավ նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ, օդաչու Արամ Եղոյանը»,- ասաց Արմենը։

Այս բոլոր գործընթացներն իրականացնելուց հետո արդեն հնարավոր եղավ ունենալ «Մասնավոր օդաչուի պատրաստման թռիչքային ծրագիր»-ը, որի իրագործման մեջ ինչպես շեշտեց Արմենը, մեծ դերակատարում է ունեցել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ 

«Այս ամենին հասնելու համար մեզնից պահանջվեց 1․5 տարի, սակայն այժմ ամեն ինչ արված է, ամեն ինչ պարզ է։ Մեզ մնում է միայն շարունակել այս գործը, ավելի շատ մարդ ներգրավել, որպեսզի զարգացնենք Հայաստանում փոքր ավիացիան, քանի որ դրա բոլոր նախադրյալներն ունենք, մեր երկիրը տալիս է այդ հնարավորությունները»,- ընդգծեց «SkyClub»-ի հիմնադիրը։

Եղվարդում աերոդրոմը կառուցվել է զրոյից

Արմենը Եղվարդում աերոդրոմը կառուցել է զրոյից։ Այդ տարածքում նա պարապլանով է թռիչքներ իրականացրել։

«Սա, կարելի է ասել, աննախադեպ է, քանի որ Խորհրդային միությունից հետո Հայաստանում որևէ աերոդրոմ չի կառուցվել։ Այն ասֆալտապատ չէ, գրունտային է, ինչը նախատեսված է հենց նմանատիպ ինքնաթիռների համար։ Իմ «Detka»-ն 4 տեղանոց է, բավականին վինտաժային տեսք ունի։ Ներսում կարող են նստել 1 օդաչու և 3 ուղևոր»,- նշեց Արմենը։ 

Թռիչքներն իրականացվում են մինչև 300 մ բարձրության վրա։ Պլանավորվում է առաջիկայում իրականացնել ոչ միայն ուսումնական, այլև տուրիստական թռիչքներ, ինչպես նաև զբաղվել sky diving-ով։ 

Տրվելու են օդաչուի սիրողական վկայականներ

«Մենք առայժմ իրականացնում ենք դասընթացներ, որպեսզի այն մարդիկ, որոնք ցանկանում են դառնալ սիրողական օդաչուներ՝ այս ինքնաթիռով սովորեն և ստանան սիրողական վկայական։ Գորիսում, Սիսիանում, Արզնիում, Ջերմուկում և մի շարք այլ քաղաքներում մենք աերոդրոմներ ունենք, և դրանք հնարավոր է օգտագործել նմանատիպ ինքնաթիռներով վայրէջք կատարելու համար»,- ասաց Արմենը։ 

SkyClub-ը զարգացնում է օդային զվարճանքի միջոցները, թռիչքներ են կատարում նաև պարապլանով, սակայն ինչպես Արմենն է ասում՝ ինքնաթիռով թռիչքները լրիվ այլ զգացողություններ են արթնացնում։ 

«Թռիչքներն իրականացվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թույլտվությամբ։ Այժմ սկսել ենք կոմերցիոն թռիչքներ իրականացնելու գործընթացը, ինչը երևի կլինի մոտ 1 ամսվա ընթացքում։

Մենք պլանավորում ենք նաև sky diving անել, քանի որ այս ինքնաթիռով հնարավոր է հանել նստատեղերը և ուղևորն ու հրահանգիչը կարող են ցած թռնել։ Նախատեսում ենք նմանատիպ ինքնաթիռներ առաջիկայում ավելի շատ բերել՝ ավելի մեծ պարաշյուտային թռիչքների համար, որպեսզի կարողանանք վայելել Հայաստանը լրիվ այլ տեսանկյունից։ 

«Մասնավոր օդաչուի պատրաստման թռիչքային ծրագիր»-ը հաստատված է

«Այս ինքնաթիռով դասընթացներ կազմակերպելու համար Թռիչքային գործունեության օդաչու-հրահանգիչ Անատոլի Դավթյանն ինձ առաջարկել էր գալ և ցանկացողներին սովորեցնել թռնել «Սեսնա» տեսակի ինքնաթիռով։ Արմենը շատ մեծ հեռանկարներ ունի Հայաստանում փոքր ավիացիան զարգացնելու առումով, մենք էլ ցանկանում ենք այդ ծրագրի մի մասը կազմել։ Առայժմ ունենք 4 ուսանող՝ 1 աղջիկ և 3 տղա»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ, օդաչու Արամ Եղոյանը։ 

«Մասնավոր օդաչուի պատրաստման թռիչքային ծրագիր»-ը հաստատված է Քաղավիացիայի կոմիտեի կողմից։ Ըստ դրա յուրաքանչյուր ուսանող պետք է անցնի 104 ժամ տևողությամբ տեսական դասեր, ինչից հետո 45 ժամ տևողությամբ թռիչքային պատրաստություն, ինչից հետո կոմիտեում նրանք պետք է 9 առարկայից հանձնեն քննություն և ստանան մասնավոր օդաչուի վկայական։ 

Առարկաները մասնագիտական են՝ Ավիացիայի մասին օրենք, Աերոդինամիկա, Ինքնաթիռի սարքավորումներ, Օդային նավիգացիա և այլն։ Ծրագրում ներառված են նաև ինքնուրույն թռիչքներ, որոնք պետք է իրականացնեն թռիչքային պատրաստություն առարկայից 12-13 ժամ դաս անցնելուց հետո։

«Մեր ուսանողներից Արմենն ու Համիկն արդեն անցել են այդ ժամերը և օրեր առաջ արդեն կատարել են իրենց առաջին թռիչքները։ Հրահանգիչն այդ ժամանակ գտնվում է ինքնաթիռում, սակայն ոչ մի բան չի ասում և չի հուշում։ Առաջիկայում պլանավորում ենք դասերից մեկի ժամանակ թռիչք կատարել Եղվարդից դեպի Գյումրի և վերադառնալ»,- նշեց Եղոյանը։ 

Հայաստանում նրանք կստանան մասնավոր օդաչուի առաջին վկայական։ Սեպտեմբերին կլինի առաջին շրջանավարտը՝ Արմենը։ 

Մեծ երազանքի հետևից

Ներկայումս Արմենը մի երազանք ունի՝ ձեռք բերել Bush Plane, որպեսզի Հայաստանից կարողանա թռնել Ալյասկա։

Ինքնաթիռն ունի երկու մեծ ու հաստ անիվ ու հենց դրա շնորհիվ հնարավոր է վայրէջք կատարել ցանկացած տարածքում։

«Այդ ինքնաթիռով անգամ հնարավոր է լեռներում վայրէջք կատարել, պետք չէ ունենալ հատուկ հարթեցված տարածք կամ վազքուղի։ Այդ ինքնաթիռով կարող ենք գնալ, օրինակ՝ Գառնի, անմիջապես վայրէջք կատարել այնտեղ։ Սակայն այս ամենից բացի, ես ցանկանում եմ գնել Bush Plane, որպեսզի թռնեմ Ալյասկա, որտեղ հասնելու համար շատ մեծ գրեթե շուրջերկրյա ճանապարհորդություն պետք է կատարել՝ թռիչք ամբողջ Եվրոպայի վրայով, հետո Գրենլանդիա, ապա Իսլանդիա, այնտեղից էլ Կանադա ու կհասնենք Ալյասկա։ Այնտեղ բնությունը շատ գեղեցիկ է։ Հենց Ալյասկայում այդ ինքնաթիռները շատ հայտնի են, քանի որ տարածքը շատ մեծ է, մարդիկ միմյանցից հեռու են ապրում, այնտեղ չկան աերոդրոմներ, շատ մարդիկ էլ այդ ինքնաթիռներով միմյանց հյուր են գնում»,- պատմեց Արմենը։

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]