ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 3-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, առկա մարտահրավերները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն և կայունություն:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին: