Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում

Չնայած Հայաստանում արտակարգ դրության երկարաձգմանը ևս մեկ ամսով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացվում են: Դրանցից մեկը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստան մուտք գործելու արգելքի չեղարկումն է: Դա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան, սակայն միայն օդային ճանապարհով. ցամաքով սահմանը հատելու արգելքը դեռևս շարունակում է գործել:

Հայաստանում դեռ մարտին արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշմամբ  ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր արգելվել էր՝ բացառությամբ որոշ առանձին դեպքերի: Նման քաղաքականություն են որդեգրել աշխարհի գրեթե բոլոր պետությունները` համավարակի պայմաններում արգելելով կամ խիստ սահմանափակելով օտարերկրացիների մուտքը երկրի տարածք և միայն սեփական քաղաքացիներին թույլատրելով վերադառնալ հայրենիք:

Վերջին ամիսներին աշխարհում Covid-19-ի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես Հայաստանը, այնպես էլ մի շարք երկրներ, մեղմացնում են իրենց տարածք օտարերկրացիների մուտքի հետ կապված սահմանափակումները: Այսպես, Եվրամիության  անդամ շատ երկրների միջև ներքին սահմաններն արդեն բաց են, և որոշումներ են ընդունվում այլ երկրների համար ԵՄ արտաքին սահմանների բացման նպատակահարմարության վերաբերյալ՝ կախված տվյալ երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Սակայն, օրինակ, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Չեխիայի դեպքում Շենգենի գոտու մեջ չմտնող և Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար մուտքը սահմանափակ է:

Չինաստան մուտք գործելու համար, օրինակ, պահանջվում է COVID-19-ի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից 5 օր առաջ, ընդ որում՝ թեստը պետք է կատարվի երկրի միայն այն լաբորատորիաներում, որոնց հավանություն է տվել տվյալ երկրում Չինաստանի դեսպանատունը կամ հյուպատոսությունը: Օտարերկրյա քաղաքացիները պետք է նաև ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում «առողջության վիճակի մասին ծանուցում» ստանան:

ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի կողմից մարտ ամսին սահմանված օտարեկրացիների մուտքի սահմանափակումները դեռևս պահպանվում են: Հուլիսի կեսին մուտքի սահմանափակումը չեղարկվել է միայն ԱՄՆ-ում կրթություն ստացող եվրոպացի ուսանողների համար:

Համավարակի տարածմամբ պայմանավորված` Ռուսաստանը ևս երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու հետ կապված խիստ սահմանափակումներ է կիրառել, որոնք առ այսօր շարունակում են գործել: Մասնավորապես, ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրության համաձայն՝ ժամանակավորապես սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Բացառությունները վերաբերում են հիմնականում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին և տարանցմամբ այլ երկրներ մեկնողներին: Մեկ այլ կարգադրությամբ թույլատրվել է ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսետիայի քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք՝ իրենց քաղաքացիության երկիր վերադառնալու նպատակով: Նման տարանցումը իրականացվում է տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ անմիջական համագործակցությամբ և համաձայնեցմամբ: Մարտի 25-ին առանձին կարգադրությամբ սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, ում թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան: Այդ կատեգորիաներն ընդհանուր առմամբ ներառում են հետևյալ անձանց. դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ,  օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ստացել են ՌԴ մուտքի վիզա՝ պայմանավորված մտերիմ հարազատի մահվամբ կամ այլ նպատակով ՌԴ ԱԳՆ-ի կողմից մուտքի վիզա ստացած օտարերկրացիներ, ՌԴ վերադարձող ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ հանդիսացող անձինք (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգիրներ), խնամակալներ և հոգաբարձուներ:

ՌԴ կառավարության մեկ այլ կարգադրությամբ թույլատրվել է բուժման նպատակով ՌԴ տարածք մուտք գործելը՝ բժշկական կազմակերպության կողմից տրված և բուժման հրավերը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում: Հունիսի 25-ի կարգադրությամբ թույլատրվել է աշխատանքային գործունեության նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը Ռուսաստան՝ համապատասխան փաստաթղթերի և թույլտվության առկայության դեպքում:

Հուլիսի 24-ի ՌԴ կառավարության մեկ այլ կարգադրությամբ նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից թույլատրվում է Մեծ Բրիտանիայից, Տանզանիայից և Թուրքիայից ՌԴ ժամանող չվերթներով տվյալ պետությունների քաղաքացիների և այդ պետություններում  մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Բացի այդ, նշված երեք երկրներից Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից կարող են օգտվել նշված երկրներում կացության կարգավիճակ ունեցող այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Ռուսաստանն ունի առանց վիզայի այցելությունների մասին գործող համաձայնագրեր։ Այսինքն, օրինակ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Մեծ Բրիտանիայում ունեն մշտական բնակության իրավունք և պատրաստվում են Ռուսաստան մեկնել Մեծ Բրիտանիայից, կարող են մուտք գործել Ռուսաստան: Օգոստոսի 1-ի կարգադրությամբ վերոնշյալ երկրների ցանկում ավելացել է Շվեյցարիան: Դեռ մարտին սահմանված մյուս արգելքներն ու սահմանափակումները ՌԴ մուտք գործելու մասով դեռևս շարունակում են մնալ ուժի մեջ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` արդեն սեպտեմբերից Ռուսաստանը վերսկսի կանոնավոր ավիափոխադրումները, այսպես կոչված, «մերձավոր արտասահմանի» երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Դա պայմանավորված է Ռուսաստանում և այդ երկրներում համաճարակաբանական իրավիճակի որոշակի կայունացման, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծման հետ:

Այսպիսով համավարակի ընթացքում մեծ թվով երկրներ, սեփական բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով, դեռ տարեսկզբին որդեգրել էին արտաքին աշխարհից ինչ-որ չափով մեկուսանալու քաղաքականություն` տարբեր սահմանափակումներ մտցնելով օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար: Այժմ այդ երկրներից շատերը սկսել են զգուշավորությամբ վերանայել սահմանափակումները` հաշվի առնելով, որ նկատվող դրական միտումները շատ փխրուն են: Ուստի միայն համաճարակաբանական իրավիճակի փոփոխությամբ է պայմանավորված այն, թե որևէ երկիր կգնա օտարերկրյա քաղաքացիների մուտի սահմանափակումների թուլացման, թե կպահպանի կամ անգամ կխստացնի դրանք:

 

 

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]