Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եկել է տնտեսական բլոկով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. վարչապետը  խորհրդակցություն է անցկացրել

Եկել է տնտեսական բլոկով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. վարչապետը 
 խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:  

«Այսօր հավաքվել ենք քննարկելու ճգնաժամային իրավիճակում մեր տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը: Մինչև հիմա ընդունել ենք հակաճգնաժամային 22 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է: Մենք այս օրերին առանձին ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կկայացնենք որոշումներ, բայց նաև ռազմավարություն ունենալու խնդիր ունենք, թե ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Հույս ունենք, որ առողջապահական հատվածում արդեն հաղթահարման փուլում ենք և եկել է ժամանակը, որ ավելի ինտենսիվ զբաղվենք տնտեսական բլոկում մեր անելիքներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև քննարկվել են ճգնաժամից տուժած զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանմանը, խաղողի մթերման գործընթացն իրականացնելու և նոր կարողությունների ձևավորման նպատակով կազմակերպություններին արտոնյալ վարկային միջոցների տրամադրմանը, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, կառուցապատման չափորոշիչների պարզեցմանը, ինչպես նաև կապիտալ ներդրումների խթանմանը վերաբերող նախագծեր:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Խորհրդակցության մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ինչպես կառավարության հակաճգնաժամային նախորդ միջոցառումները, այնպես էլ նորերը կնպաստեն տնտեսության վերականագնմանն ու զարգացմանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը հանձնարարել է վերը նշված ուղղություններով միջոցառումների նախագծերը բերել վերջնական տեսքի և դրանք ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am