Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. LՀԿ առաջարկը չընդունվեց

ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. LՀԿ 
առաջարկը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան»-ը, որը չընդունվեց խորհրդարանի կողմից:

Խմբակցությունն առաջարկի հիմնավորման մեջ նշել էր, որ անիմաստ է համարում արտակարգ դրության երկարաձգումը: ԼՀԿ-ի առաջարկին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու առաջարկին:

Առաջարկը չընդունվեց 22 «կողմ» և «68» դեմ ձայներով:

Չորս ժամից ավելի տևած քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին:

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով:

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1710 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 179032 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 806 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 234 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ