Հասարակական

Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով լի երրորդ օդանավը կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:

Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Երրորդ ինքնաթիռով կուղարկվի սնունդ, դեղորայք և տեքստիլ արտադրանք։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում