Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին

Քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա 
միջավայրի համար. Տեսչական մարմին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հայտնեց, որ իրենց տեսչական մարմինը նման եզրակացության է եկել կոմբինատի տարածքում իրականացրած ուսումնասիրությունից հետո:

Մամուլում հրապարակումներ էին շրջանառվում, որ արդեն 4 տարի շարունակ սնանկության գործընթացում գտնվող և չշահագործվող կոմբինատի տարածքում պահվում է շուրջ 90 տոննա ամոնիակ և ամոնիակաջուր, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի և բնակիչների համար:

«90 տոննա ամոնիակի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա: Ամեն դեպքում, այնտեղ առկա ամոնիակի ծավալները բավական քիչ են և շրջակա միջավայրին ու բնակչությանը բացարձակ վտանգ չեն սպառնում: Իմ ունեցած տվյալներով` ամոնիակի մեծ մասը վաճառվել է, բայց ներկա պահին չորս տակառից 3-ը դատարկ են, իսկ մեկի մեջ ջերմային սարքով ամոնիակ է հայտնաբերվել տակառի 1/6-րդ մասով, սակայն իրականում ավելի քիչ է: Մոտ 9 տոննայի չափով ամոնիակ կա»,- ասաց Շախբազյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց, որ ամոնիակը սելիտրա նյութի նման ազոտ է պարունակում, բայց ավելի անվտանգ է, պատկանում է իներտ գազերի դասին և շուտ գոլորշիանում է, իսկ կոմբինատում առկա ծավալներն այն քանակության չեն, որ խոշոր հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնան:

«Կարող է տեղային հրդեհի օջախ լինել, բայց այն շուտ կկասեցվի, որովհետև ծավալները շատ քիչ են»,- նշեց Գեղամ Շախբազյանը:

Անդրադառնալով կոմբինատի տարածքում առկա ամոնիակի հետագա ճակատագրին՝ Շախբազյանը հավելեց, որ այն տնօրինելու է սնանկության կառավարիչը, հնարավոր է, որ ամոնիակը վաճառվի կամ քիչ քանակությամբ բաց թողնվի հատուկ ընթացակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` հաստատվել է նաև կոմբինատում սնդիկի առկայությունը, սակայն այն ևս անվտանգ է:

«Սնդիկի քանակություն կա: Դրանք փակված են տարաներում, ավելի ապահով են: Դրանց մասին մտահոգություն հայտնել ընդհանրապես պետք չէ»,- ասաց Շախբազյանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգործող կոմբինատի տարածքում տեխնիկական և հրդեհային անվտանգության այլ խախտումներ է արձանագրել, որոնց առնչությամբ վարչական վարույթ է հարուցել:

«Քանի որ չորս տարի է արդեն, ինչ լուծարված է հիմնարկը, հրդեհային անվտանգության տեսակետից այն գտնվում է ոչ բարվոք վիճակում: Հրդեհային անվտանգության խախտումներ կան, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, վարույթի շրջանակում կտրվեն պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի տնտեսավարողը, այս դեպքում` սնանկության կառավարիչը, ցուցումների համաձայն, իրականացնի հակահրդեհային միջոցառումներ: Մասնավորապես, ջրամատակարարում չկա, ցուցում կտանք, որպեսզի ջրամատակարարումը վերականգնեն, որպեսզի հրդեհային իրավիճակում հնարավոր լինի արագ մարել այն, բացակայում են արգելող ցուցանակները: Քանի որ ամոնիակը կառավարության կողմից սահմանված ցանկով վտանգավոր նյութ է համարվում, պետք է տարեկան տեխնիկական ավտանգության փորձաքննություն անցկացվեր, ինչը չի արվել»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը:

Տեսչական մարմինն առաջիկայում ուսումնասիրություններ կիրականցնի նաև «Նաիրիտ» գործարանում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, պայթուցիկ նյութերի մեծ բազաներում, ապա նաև հրավառությամբ զբաղվով ընկերությունների պահեստներում:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]