Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կազմակերպում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյաառցանց ծրագիրը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ծրագիրը ներառում է՝
- Հայոց լեզվի դասընթացներ,
- Պատմաճանաչողության դասընթացներ,
- Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),
- Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ,
- Առցանց կրթական խաղեր,
- Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի,արվեստի ներկայացուցիչների հետ,
- Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ,
- Աշխատարաններ,
- Համայնքայիննախագծեր:
Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից:
Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: