Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՔԾ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով

ՀՔԾ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու 
հոդվածով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հատուկ քննչական ծառայությունում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

«Ռուբեն Հայրապետյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասացին ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ բացահայտել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք, որին առնչություն է ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

2020 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղար Ն Տ-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ն.Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները, որի արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

2020 թվականի հուլիսի 23-ին Ն.Տ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ 

Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված նաև Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՝ առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով և շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:

2020 թվականի մայիսի 27-ին Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարարել էր հետախուզում։
Ավելի ուշ, հուլիսի 30-ին Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի է։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am