Տավուշի մարզի համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հսկողության տակ է․ Չոբանյան
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորել է մարզի համայնքի բնակիչների զգոնության պահպանումը և քաղպաշտպանության բոլոր կառույցների զգոն աշխատանքը, որովհետև ցանկացած պահի ցանկացած բնակավայրում իրավիճակը կարող է փոխվել։
«Խուճապ չկա համայնքներում։ Այսօրվա ընթացքում առանձնահատուկ խնդրել ենք, որպեսզի մարդիկ պատսպարված լինեն և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն, փորձեն, այնուամենայնիվ, մնալ պատսպարված։ Իրավիճակը կայուն է հսկողության տակ։ Մեր բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքաներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Չոբանյանը։
Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում