Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են. Փաշինյան

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում:

«Երեկ՝ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը: Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցութուն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայ տրամաբանությամբ:

«Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակումով: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով: Հնարավոր է, որ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին:

«Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակն Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը: Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում:

«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր Զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, որոնք այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին, այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am