Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնեց, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել:
Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք այլ դրույթներ:
Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է հունիսի 3-ին՝ 110 «կողմ» ձայնով:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում