Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Ալիևը Ղարաբաղի հարցի չկարգավորման մեջ պետք է մեղադրի միայն ինքն իրեն․ Մանե Գևորգյան

Ալիևը Ղարաբաղի հարցի չկարգավորման մեջ պետք է մեղադրի միայն ինքն իրեն․ Մանե 
Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են։

«Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:
Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։
Եթե պարոն Ալիեւը վերոնշյալ հեղինակներին չի վստահում, գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փեւչեւիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջեւդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլեւ ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։
Հակառակ դեպքում 19-րդ դարի որեւէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում:
Կարծել ենք, թե պարոն Ալիեւի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռեւս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դեպ, մինչեւ պարոն Ալիեւի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգեւոր կենտրոնն էր:
Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով:
Պարոն Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել:
Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչեւ 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիեւի գիտելիքները»,- գրել է Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, Մանե Գևորգյանը գրել է, որ Ալիեւի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը:
«Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, եւ քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը:
Ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձեւ է առաջարկել. Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:
Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում:
Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը:
Պարոն Ալիեւը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»,- գրել է Գևորգյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում խոսել էր Հայաստանի, ինչպես նաև ԼՂ հակամարտության մասին։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ