Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
2 րոպեի ընթերցում
![Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1020718.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր կորոնավիրուսային հիվանդացության միջազգային, հայաստանյան ու արցախյան վիճակագրությունն ու առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքերի ամփոփ նկարագիրը: Արայիկ Բաղրյանը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում և շրջաններում նոր օջախների առաջացման պատճառների ու հետևանքների վերաբերյալ, կարևորել պոլիմերազային շղթայական լաբորատորիայի աշխատանքը:
Հանրապետության նախագահն անդրադարձել է բուժհաստատություններում արձանագրված համավարակի վերջին դեպքերին՝ պատասխանատուներից պահանջելով դիմել խիստ միջոցների՝ դրանք հետագայում բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առավելագույն խստություն ցուցաբերել առաջին հերթին պետական համակարգում ընդգրկված բոլոր աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ, ովքեր պատշաճ չեն կատարում պարետի համապատասխան որոշումներն ու ցուցումները: