Հարցումների համաձայն՝ թավշյա հեղափոխությունից հետո արդարացել են քաղաքացիների 79,4%-ի սպասումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված հարցումների համաձայն՝ քաղաքացիների 79,4%-ի մոտ արդարացել են թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված սպասումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե որքանով են արդարացել իրենց սպասումները 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո. hստակ ասել են, որ արդարացան՝ քաղաքացիների 16,5%-ը, որոշ չափով արդարացան՝ նշել է 62,9%-ը»,- ասաց Նավասարդյանը:
Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:
Նորայր Շողիկյան